Այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակները, կախիչները, բայց հեռու մնացեք երկրի կառավարումից․ պատգամավոր
Վերջին օրերին բանակում՝ ոչ մարտական պայմաններում, կորցրինք երիտասարդ հայ տղաների՝ անտարբերության, անկազմակերպվածության և անփութության հետևանքով։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Եվ ընդհանրապես, բանակում օրինաչափ են դարձել դժբախտ պատահարները, ինքնասպանությունները, սպանությունները։ Մինչև ե՞րբ է շարունակվելու այս շղթան։ Ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։
Շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք։ Հաղթանակած բանակը այսօր ասոցացվում է շարունակական մահերի, դժբախտ պատահարների հետ։
Չկա՞ այս երկրում մի պաշտոնյա, որն այնքան ազնվություն և համարձակություն ունենա, որ խոստովանելով իր անկարողունակությունը, հեռանա զբաղեցրած պաշտոնից։
Գրեթե վեց տարի է ՀՀ-ն հայտնվել է մի վարչախմբի ձեռքին, որտեղ պաշտոնների են նշանակվում հիմնականում անկարողները։ Աղետալի վիճակում է կրթությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, սարսափազդու իրավիճակ է սոցիալական ոլորտում։
Նույնիսկ անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաժեշտ սոցիալական աջակցությունը։ Ամեն օր ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ կառավարության վատ աշխատանքի պատճառով մինչ օրս աջակցություն չեն ստանում մարդիկ, որոնք պետք է ստանան անհրաժեշտ օգնությունը։
Շատերը հայտնվել են անելանելի վիճակում՝ չկարողանալով վճարել բնակարանի վարձավճարները։ Ո՞րն է ձեր նպատակը, որ հայրենիքից, տնից, տեղից կտրված արցախցին կրկի՞ն բռնի գաղթի ճանապարհը։
Հուսախաբ արեցիք ավելի լավ երկիր ունենալու հույսով և սպասումով լցված քաղաքացուն։ Կոռուպցիայի դեմ պայքարից խոսեցիք, մինչև ուղնուծուծը խրվեցիք կոռուպցիայի մեջ։ Ասացիք՝ Արցախը Հայաստան է և՝ վերջ, հետո մեր հայրենիքի մի մասը Ադրբեջան ճանաչեցիք։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարված է, իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է տարածքային նոր նկրտումների մասին
Խաղաղության հասնում են երկիրը հզորացնելով, և ոչ այն մուրալով։ Դադարեցրեք մանիպուլյացնել պատերազմից հոգնած, սպառված հանրությանը։
Այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակները, կախիչները, բայց հեռու մնացեք երկրի կառավարումից։ Ձեր ամեն օրվա մնալը իշխանության ղեկին թանկ է արժենում մեր պետության, մեր ժողովրդի վրա»։