Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սարգիս Խանդանյան
Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և այս համատեքստում շատ կարևոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջև առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա արդեն փոխգործակցության հուշագրի նախագիծ, որի ստորագրումը նոր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գուրգեն Արսենյանը և Լենա Նազարյանը:
Սարգիս Խանդանյանը կարևոր ձեռքբերում է համարել առաջիկայում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացումը:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրին: Նշվել է, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում ի վերջո խաղաղություն և կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով հայկական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում: Սարգիս Խանդանյանը խոսել է նաև Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին:
Հայ խորհրդարանականները ողջունել են հյուրերին, խոսել մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին ներկայացրել է ԱՄԷ-ի` որոշ երկրների հետ խնդիրներ ունենալու պարագայում հարաբերություններ կարգավորելու փորձը: Հյուրը համոզմունք է հայտնել, որ հարևանների հետ փոխգործակցությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը: Կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ աջակցում են նախաձեռնության իրագործմանը: