Ցավոք, ուշացումով, բայց ամեն դեպքում գնահատելի է, որ Դավիթ Տոնոյանը նման գնահատական է տալիս. Գեղամ Մանուկյան
Դավիթ Տոնոյանը, երբ համաձայնեց ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հարցաքննությանը, նեղվել էր, որ ընդդիմությունը չէր մասնակցում, թեև մենք այդ ժամանակ գրավոր ներկայացրեցինք մեր դիրքորոշումը, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը։
«Մենք նշել ենք, որ այդ հանձնաժողովի նպատակը ոչ թե բուն խնդիրները վեր հանելն է, այլ իշխանության մեղքը այլոց վրա տարածելը, քաղաքական իշխանության անգործության, հանցավոր սխալների մեղքն այլոց վրա բարդելն է, որն ի սկզբանե հայտնի էր։ Դա պատճառներից մեկն էր, որ ընդդիմությունը հրաժարվեց քննիչ հանձնաժողովին մասնակցել։ Ցավոք, ուշացումով, բայց ամեն դեպքում գնահատելի է, որ Դավիթ Տոնոյանը նման գնահատական է տալիս»։
Անդրադառնալով հանձանժողովի աշխատանքներին՝ պատգամավորն ավելացրեց, որ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացրել է ժամկետների խախտումով և հակաօրինական. «Դրա մասին մենք բարձրաձայնել ենք, իսկ իշխանությունները չկարողացան հիմնավոր արդարացումներ ու բացատրություններ գտնել։ Հիմա, փաստորեն, հայտարարում են, որ հանձնաժողովը դադարեցրել է աշխատանքները և պատրաստում են եզրակացությունը որոշակի ժամկետում ներկայացնել ԱԺ»։
Մանուկյանի խոսքով՝ ընդդիմությունը չի մասնակցում աշխատանքներին։
Հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը չցանկացավ անդրադառնալ Տոնոյանի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ այսօր Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով։