Վորոնեժում ԱԹՍ-ների գրոհից շենքեր են վնասվել, սահմանվել է արտակարգ դրություն
ՌԴ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո վնասվել են երեք շենքերի ավելի քան 30 բնակարաններ: Տուժել է 1 երեխա, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Նախնական տվյալներով, վնասվածքներ են ստացել Տեպլիչնայա փողոցի 10-հարկանի երեք շենքերի 35 բնակարաններ: Այժմ մասնագետներն զբաղվում են ժամանակավոր ապակեպատվածքի տեղադրմամբ: Բացի այդ, վնասվել են Օստրոգոժսկայա փողոցի չորս շենքերի պատուհանները: Որոշում է կայացվել այստեղ նույնպես ժամանակավոր ապակեպատվածք տեղադրել», - տարածաշրջանի ղեկավարը գրել է իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ ներկայում թիվ 84 դպրոցում ժամանակավոր կացարան է ստեղծվել տուժած բնակարանների բնակիչների համար, սակայն մինչ այժմ ոչ ոք օգնություն չի խնդրել։
Գուսևը նշել է, որ բոլոր հատուկ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում, օպերատիվ շտաբ է տեղակայվել քաղաքային վարչակազմի կողմից։
Ավելի վաղ Վորոնեժի նահանգապետը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Խոցված ուկրաինական անօդաչուի բեկորների՝ բնակարան ընկնելու հետևանքով տուժել է մեկ երեխա: Որոշումներ ընդունելու օպերատիվության համար Վորոնեժում արտակարգ դրություն է սահմանվել։