Մեկ օրվա մեջ Ադրբեջանում երկրորդ պայթյունն է որոտացել
Ադրբեջանում մեկ օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել, դեպքը տեղի է ունեցել Սումգայիթի հանրակացարաններից մեկում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ տուժել է, նրանցից 2-ը՝ անչափահաս։ Մահացածների մասին դեռ տեղեկություններ չեն հայտնում։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, իսկ համապատասխան կառույցները քննում են դեպքը։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում կահույքի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, որից հետո բռնկվել է հրդեհ։ Երկրի Գլխավոր դատախազության և ԱԻՆ համատեղ հաղորդագրության մեջ ասվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ կահույքի արտադրամասում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։