Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի մարտին
Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի ներդրումն ավարտական փուլում է։ Համակարգը, որով ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը, ամբողջությամբ պատրաստ կլինի մարտին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ մշակվում է ինչպես համակարգի վեբ տարբերակը, այնպես էլ բջջային հավելվածը։
«Վստահեցնում եմ, որ համակարգը լինելու է պարզ և հասկանալի։ Համակարգը Հայաստանում ներդրվում է փուլ առ փուլ։ 2024 թվականին 2023 թվականի եկամուտների վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն ավելի փոքր խումբ ֆիզիկական անձինք՝ հանրային ծառայողները, իրավաբանական անձանց ընկերությունների իրական շահառուները։ Հաջորդ տարի կընդլայնվի այդ խումբը, իսկ երեք տարի անց ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ Ասեմ, որ հարկային մարմնում առկա բոլոր եկամուտների մասին տվյալներն ավտոմատ նախալրացվելու են։ Քաղաքացին պարզապես պետք է մուտք գործի համակարգ, ստուգի այդ տվյալները, եթե ավելացնելու բան կա դա անի ու էլեկտրոնային ստորագրությամբ հաստատի։ Ֆիզիկական անձինք պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն»,-ասաց Աշոտ Մուրադյանը։
Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգը ենթադրում է նաև որոշակի սոցիալական կրեդիտներ։ Այս տարվա համար նախատեսված է առողջապահության ու կրթության ոլորտում կատարված ծախսերի որոշակի չափով հետվերադարձ։ Կրթության ոլորտում մինչև 100 հազար դրամի չափով, առողջապահության ոլորտում՝ մինչև 50 հազար դրամի չափով։ Նման դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացին այն տեղերում, որտեղ ստացել է տվյալ ծառայությունը, դիմի համապատասխան հարկային հաշիվ դուրս գրելու համար, որպեսզի դրանք հասանելի լինեն ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում։
«Օրինակ, ես իմ երեխայի համար դպրոցում վճարել եմ կրթության ծառայության համար վճար։ Դիմում եմ, դպրոցը դուրս է գրում հարկային հաշիվ ու այդ տեղեկությունը ներկայացվում է ՊԵԿ-ին, որն էլ որոշակի չափով գումարի հետվերադարձ է կատարում»,-ասաց Աշոտ Մուրադյանն՝ ընդգծելով, որ քաղաքացին համակարգում տեսնելու է իր բոլոր եկամուտները, հետվերադարձի գումարները, այսինքն՝ ամբողջ շարժը։