«Զանգեզուրի միջանցքի» մասին կետ պայմանագրի մեջ չկա ու չի կարող լինել. ԱԺ նախագահ |1lurer.am|
1lurer.am: «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ պայմանագրի մեջ ընդհանրապես չկա ու չի կարող լինել: Մենք ասել ենք՝ այո՛, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն իր երկրի մի մասից երկրի մյուս մասը տեղափոխվելու համար ճանապարհ է ուզում, ասել ենք, որ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհները իրենց համար, ասել ենք, որ միգուցե հնարավոր է, որ ինչ-որ թեթևացված գործընթաց լինի, որպեսզի իրենք կարողանան տեղափոխվել, բայց ինչ-որ արտատարածքային բան չկա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններին, ապա ԱԺ նախագահն ասաց. «Ես չեմ բացառում, որ ուղիղ բանակցություններն էլ կարող են տեղ գտնել, որովհետև մենք ուղիղ բանակցությունների դրական օրինակ ենք ունեցել, բայց, իհարկե, միջազգային հանրության ֆիքսումը նույնպես կարևոր է: Օրինակ՝ 32 գերիների վերադարձը եղել է ուղիղ խոսակցության արդյունք, որը վատ օրինակ չէ, բայց, կրկնում եմ՝ եկեք չֆիքսենք, որ մեկը մյուսին բացառում է: Մեկը մյուսին չի բացառում, այլ մեկը մյուսին կարող է նաև օգնել»: