Նոր մանրամասներ՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի քրեական գործից
Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ 2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վերջիններիցս մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ կատարված զենքի գործադրմամբ) և դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված խմբի կազմում)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։
Նախաքննությունը, բնականաբար, շարունակվում է»։