Բաքուն «Էրիվանի» մասով խոսում է այնպես, ինչպես ՀՀ-ում են ասել՝ «Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստան են». Ալեն Սիմոնյան
Այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ալիևի տարածքային հավակնություններից։
«Չէ՞ որ մենք միշտ ասում էինք՝ սրանք մեր պատմական տարածքներ են, և այլն։ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որ մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե երբ է հայկական կողմն ասել, որ Բաքուն Հայաստան է, ինչպես Ալիևն է պնդում, որ «Էրիվանը Ադրբեջան է»՝ Սիմոնյանը արձագանքեց. «Վա՜յ, մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, մի խոսքով՝ այդ բառապաշարի մեջ ենք մտել։ Բայց գործընթաց կա, որ պայմանագիրը կողմերին հավասարաչափ է վերաբերում»,-ասաց նա։
Հարցին, թե ակնհայտորեն Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, արդյո՞ք պետք չի հանրությունը պատրաստ լինի նման զարգացումներին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կա՞ ազդակ, որ ՀՀ-ն մտածում է բոլոր պարագաներում միայն խաղաղություն է լինելու, իհարկե, ո՛չ։ Մենք բանակ ունենք, բանակը զարգացնում ենք և հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչև վերջ։ Իհարկե, մենք չենք պատրաստվում որևիցե երկրի վրա հարձակվել և որևիցե երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք»,-ասաց նա։