ՀՀ նախագահը շվեյցարիահայ համայնքին ներկայացրել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշումները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահը ներկաներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների ու ելակետերի, ընդհանուր իրողությունների վերաբերյալ:
Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, հարևանների հետ հարաբերություններում առկա իրադրությանը: Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու, հարևանների և գործընկերների հետ փոխվստահության մթնոլորտ ու փոխշահավետ համագործակցություն ձևավորելու հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել մասնավորապես Հայաստանի տնտեսական կյանքում առկա զարգացումների, երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իշխանությունների և կառավարության ձեռնարկած քայլերի ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման վերաբերյալ:
Նախագահն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության միջոցառումներին ու ծրագրերին և պատասխանելով ներկաների հարցերին նշել է հայաստանյան իշխանությունների կողմից որդեգրված այն հիմնական ուղղություններն ու սկզբունքները, որոնք դրված են տեղահանվածների հիմնախնդիրների ամբողջական լուծմանը հասնելու պատկերացումների հիմքում: