Չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պետք է պատրաստ լինենք մեր երկրի պաշտպանությանը. Օհանյան
Խաղաղության օրակարգը խաբկանք է ՀՀ իշխանությունների համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մեր գործընկերները ծանոթացել են խաղաղության պայմանագրին, դրա փակ մասին չեմ անդրադառնա, այնտեղ որևէ մի խոսք չկա այն պարտավորվածությունների մասին, որոնք պետք է իր վրա վերցնի Ադրբեջանը։ Նկատի ունեմ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը, սահմագծում և սահմանազատում իրականացնելը»,-ասաց Օհանյանը։
Նա նշեց, թե եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ կառույցներ ունենար, որոնք ժամանակին նորմալ գնահատեին ռազմաքաղաքական իրավիճակը, շուտվանից կտեսնեին, որ խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը խաբկանք է մեզ համար։
«Ինքն ուշացումով է դա հասկանում։ Այսօր տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ ուշացումով են անում»։
Անդրադառնալով պատերազմի հավանականությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց.
«Չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պետք է պատրաստ լինենք մեր երկրի պաշտպանությանը։ Այնտեղ, որտեղ բանակցություններն ավարտվում են, ակնհայտ է, որ սկսում են պատերազմական գործողությունները»։