Խուլիգանություն Քասախ գյուղում. կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Հունվարի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իրենց տան ուղղությամբ կրակում են:
Դեպքի վայր՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղ օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերոհիշյալ տան դարպասի ուղղությամբ՝ պատճառելով գույքային վնաս:
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի և Հրազդանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ երեք երիտասարդներ, որոնցից երկուսը՝ Ուջան գյուղի, մեկը՝ Երևանի բնակիչ, գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, նրանցից մեկի «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով, գնացել են Քասախ և անհարգալից վերաբերմունք դրսևորել տան բնակիչների նկատմամբ, այնուհետև ուջանցի 33-ամյա երիտասարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել դարպասի ուղղությամբ՝ վնասելով այն:
33-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խուլիգանության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: