«Արարատ» թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի բոլորին, որ պարապում են այնտեղ. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագրին, որի վերաբերյալ տարատեսակ քննարկումներ եղան վերջին օրերին:
«Ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ երևելի կանաչ տարածքն է, հետևապես դրա փուլային վերականգնումը որպես կանաչ հանրային տարածք մեզ համար գերակայություն է և առաջնահերթություն, բուն ծրագիրը առաջին հերթին վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք վերանալու են` տարածքը դարձնելով հասանելի կանաչ տարածշք` նորարարական լուծումներով: Ես ինքս դեռ 1996-ից մինչև 2022 թթ. «Արարատ» ակումբում պարապել եմ, դա Երևանում իմ ամենասիրելի վայրերից մեկն է, բայկց այստեղ հարցը ոչ թե մեր անձնակյան նախասիրությունների մասին է, այլ հանրային շահի»,- ասաց նա:
Ավինյանի խոսքով` թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի բոլոր անձանց, ովքեր պարապում են այնտեղ, բայց, վստահաբար, թենիսի ակումբի համար տեղակայման դիրքը այդքան էլ կարևոր չէ
«Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են, «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն` պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին, իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցրին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ` չի ստացվի»,- նշեց Ավինյանը: