Ֆուտբոլային աստղեր, որոնք իրենց կարիերան շարունակել են ամերիկյան «ՄԼՍ»-ում
ԱՄՆ-ն երբեք հայտնի չի եղել ֆուտբալային մշակույթով։ Սակայն վերջին երկու տասնամյակներում նկատվում է տենդենց, որ ամերիկյան ֆուտբոլային հանրությունը փորձում է քայլեր իրականացնել խաղի մասայականացման ուղղությամբ։ Այդ նպատակին հասնելու համար փորձ է արվում երկրի բարձրագույն խմբի առաջնությանը ներգրավել անվանի ֆուտբոլիստների, որոնք իրենց մեծ հետքն են թողել ժամանակակից ֆուտբոլի վրա։
RadarArmenia-ն ներկայացնում է ֆուտբոլային աստղերին, ովքեր համալրել են ՄԼՍ-ը ներկայացնող ակումբների շարքերը.
Անդրեա Պիրլո (2015-2017)
«Միլանի» և «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն (2006) Պիրլոն 2015թ. տեղափոխվեց ՄԼՍ ներկայացնող «Նյու Յորք Սիթի», որտեղ անցկացրած 60 հանդպումներում դարձավ մեկ գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:
Սթիվեն Ջերարդ (2015-2016)
«Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջերարդը տեղափոխվեց «Լոս Անջելես Գելեքսի», որտեղ դարձավ 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ «Գելեքսին» «Լիվերպուլից» հետո Սթիվենի երկրորդ ակումբն է եղել։
Ուեյն Ռունի (2018-2019)
«Մանչեսթր Յունայթեդից» հետո մինչև կարիերան ավարտելը Ռունին մի քանի հիանալի մրցաշրջան անցկացրեց «Դի Սի Յունայթեդում»: Անցկացրած 48 խաղերում անգլիացին դարձավ 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Կակա (2015-2017)
«Ռեալ Մադրիդի» և «Միլանի» բրազիլացի աշխարհի չեմպիոնը և «Ոսկե գնդակի» դափնեկիրը միացավ «Օռլանդո Սիթիին»։ Կական անցկացրած 75 խաղում դարձավ 24 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:
Զլատան Իբրահիմովիչ (2018-2019)
«Միլանի», «Ինտերի», «Յուվենտուսի», «Բարսելոնայի» շվեդ հայտնի ֆուտբոլիստը եվրոպական հրաշալի կարիերայից հետո տեղափոխվեց «Լոս Անջելես Գելեքսի»։ Անցկացրած խաղերում Զլատանը դարձավ 52 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Թիերի Անրի (2010-2014)
Համարվելով Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը՝ Անրին 2010թ. տեղափոխվեց «Նյու Յորք Ռեդ Բուլզ»՝ «Արսենալում» և«Բարսելոնայում» հրաշալի ելույթներից հետո: Անրին չորս մրցաշրջանում անցկացրած 122 խաղում դարձավ 51 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
Դևիդ Բեքհեմ (2007-2012)
Բեքհեմը միացել է «Լոս Անջելես Գելեքսիին» «Մանչեսթեր Յունայթեդում» և Մադրիդի «Ռեալում» հանդես գալուց հետո: Անցկացրած հինգ մրցաշրջանի ընթացքում անգլիացին վարձավճարով հանդես է եկել նաև «Միլանի» և ՊՍԺ-ի կազմում։ Անցկացրած 98 հանդիպումներում Բեքհեմը դարձել է 18 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։
Լիոնել Մեսսի (2023)
Եվ վերջապես, աշխարհի գործող չեմպիոն, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի արգենտինացի նախկին հարձակվողը 2023թ. միացավ «Ինտեր Մայամիին»։ Նշենք, որ «Մայամիի» կազմում այս պահին արդեն հանդես է գալիս մի ամբողջ ֆուտբոլային աստղաբույլ՝ Բուսկետս, Ալբա, Սուարես։