Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն. Նիկոլ Փաշինյան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 13-ին Գավառում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում մի հատված է հրապարակել ՔՊ նախաձեռնողի նիստում իր ելույթից։
«Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն»,- տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ մենք պետք է սովորենք պետություն ստեղծել, պետություն ունենալ, պետություն ուժեղացնել, բայց դրա համար նախ՝ պետք է հասկանանք՝ պետությունն ինչ է:
«Պետությունը կարգուկանոն է: Հիմա Գեղարքունիքի մարզում Սևանա լճի հետ հարաբերվելը պետություն լինելու և չլինելու մեջ է: Սիգի հետ մեր հարաբերությունը պետություն լինելու և չլինելու մեջ է: Տարբերություններն այդտեղ են: Մինչև դեկտեմբերի վերջ մենք երբեք սիգի հետ որպես պետություն և քաղաքացի հարաբերվելու փորձ չենք ունեցել: Հասկանո՞ւմ եք, սրա մասին է խոսքը: Եվ մենք չպետք է խորշենք այս թեմաներից, և սա առաջինը մեր պարտքն է՝ որպես կառավարող կուսակցություն: Մենք պետք է խիստ լինենք առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ, որովհետև կուսակցությունը առանց գաղափարական պատրաստվածության չի կարող առաջնորդել երկիրը: Մենք պետք է առաջնորդենք երկիրը և պետք է իմանալ՝ ինչպես է պետք առաջնորդել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ապագան կառուցելու համար մենք պետք է հասկանանք՝ մեզ հետ ինչ է տեղի ունեցել և այսօր ինչ է տեղի ունենում:
«Մեր կուսակցության առաջիկա համագումարում, որը դեռ չգիտենք՝ երբ պետք է տեղի ունենա, կարծում եմ՝ ֆունդամենտալ նշանակություն ունեցող փաստաթղթեր պետք է ընդունենք, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության ապագայի մասին մեր պատկերացումներին»,- տեղեկացրել է վարչապետը՝ ընդգծելով՝ մեր նպատակները ոչ միայն այսօրվան են վերաբերում, այլև 5 տարի հետոյին, 50 տարի հետոյին, 500 տարի հետոյին:
«Որովհետև 500 տարի հետո մեր պետությունը գոյություն կունենա այն ժամանակ, եթե մենք մեր ամենօրյա աշխատանքում հաշվի առնենք ոչ միայն այսօրվա, այլև 500 տարի հետոյի անհրաժեշտությունը: Մենք 300 տարի առաջ պետություն չենք ունեցել այն պատճառով, որ դրանից 500 տարի առաջ մեր պետական բովանդակության մեջ «այսօրից բացի»-ն 500 տարի հետոն չի եղել:
Մենք այդ սխալը պետք է ուղղենք, որովհետև դա նաև մեր սխալն է: Մենք չպետք է մտածենք՝ այսօր Նոր տարուց առաջ մարդիկ ձուկ բռնե՞ն Սևանից, թե՞ չբռնեն: Մենք պետք է մտածենք 100 տարի հետո Սևանում ձուկ պիտի լինի՞, թե՞ չլինի»,- իր խոսքում ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: