Ճապոնիայում ամանորյա երկրաշարժը ծովը ցամաքից հեռացրել է քառորդ կիլոմետրով
2024 թվականի հունվարի 1-ին Ճապոնիայում տեղի ունեցած 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժը զգալի ցամաքի բարձրացում է առաջացրել, ինչի հետևանքով ծովը որոշ վայրերում ափից նահանջել է 250 մետրով: Դա նկատել է արբանյակային տվյալների վերլուծության ոլորտում ֆրանսիացի անկախ փորձագետ Նահել Բելգերզեն, ով ուսումնասիրել է տարածքի լուսանկարները տիեզերքից մինչև տարերային աղետը և դրանից հետո: Մասնագետը պատկերները տեղադրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Մասնավորապես, ափերը բարձրացել են ճապոնական Նոտո թերակղզում՝ Հոնսյու կղզու կենտրոնական հատվածում։ Երկրաշարժի արդյունքում որոշ նավահանգիստներ կորցրել են կապը ջրի հետ և դարձել անհասանելի նավակների համար։
Բելգերզեի բացահայտումները հաստատել են Տոկիոյի համալսարանի մասնագետները։ Գիտական հաստատությունը նշել է, որ երկրաշարժի պատճառով Կայսո և Ակասակի բնակավայրերի միջև ընկած հատվածում հայտնաբերել է ափի սեյսմիկ վերելքի 10 տեղ։ Հետազոտողների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը առաջացրել է նաև ավելի քան չորս մետր բարձրությամբ ցունամի, որը հարվածել է Ակասակի նավահանգստին։
Ճապոնիայի Ավիատիեզերական Հետախուզական Գործակալության (JAXA) Advanced Earth Observing Satellite-2-ը (ALOS-2) նույնպես գրանցել է երկրաշարժի հետևանքով առաջացած առափնյա վերելքը: Արբանյակային պատկերները ցույց են տվել, թե ինչպես է ծովափնյա գիծը շարժվել դեպի ծով մի քանի շրջաններում, ներառյալ Նաֆունե նավահանգիստը, Վաջիմա քաղաքը և Մինազուկի Բեյը, ասվում է Ճապոնիայի Երկրատարածական տեղեկատվության վարչության հայտարարության մեջ: