Ստեփանավանի քաղաքապետը քաղաքացուն դեմ է տվել պատին, դանակը մտցրել կոկորդը, սպառնացել, որ կսպանի. ձայնագրություն կա
Այսօր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում այն մասին, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Նաև տարածվել էր նշյալ քաղաքացու նկարը, որտեղ քաղաքացու պարանոցին կտրող-ծակող գործիքից ստացած քերծվածք է երևում:
Դեպքի հանգամանքները պարզելու համար MediaHub-ը կապ էր հաստատել Ստեփանավանի համայնքապետարանի հանրային կապերի բաժնի հետ, որտեղից մեզ վստահեցել էին, թե նման միջադեպ համայնքապետարանում չի գրանցվել։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Արմինե Բալայանն անգամ ծիծաղով էր արձագանքել մեր հարցին, թե ինչպե՞ս կարող է համայնքապետարանում դանակահարության դեպք արձանագրվել։
Երբ նշել էինք, թե փաստաբան Կոչուբաևն է իր գրառման մեջ նշել, թե տուժող կողմը դիմել է ոստիկանություն, Բալայանն արդեն չէր հերքել, որ միջադեպ է տեղի ունեցելէ նշելով, թե տղամարդը մտել է համայնքապետարանի շենք, սկսել է գոռալ, հայհոյել, ու նրան դուրս են հրավիրել շենքից: Նա նաև նշեց, թե տվյալ քաղաքացին և համայնքապետը չեն հանդիպել իրար:
Mediahub-ը այս առիթով կապ հաստատեց նաև գրառման հեղինակի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Իրականում Ստեփանավանի համայնքապետարանի մեկնաբանությունը զվարճալի է և կարելի է ժամանցային որակել: Ինչպե՞ս է լինում, որ քաղաքացին մտնում է համայնքապետարանի շենք և կտրած կոկորդով դուրս գալիս այնտեղից: Ես, իհարկե, նման զարգացումների սպասում էի, և մեզ մոտ եղած ձայնագրությունները չհրապարակեցի հենց այդ նկատառումով: Ես գրեթե վստահ եմ, որ քննությունն ընթանալու է միակողմանի, արդեն իսկ շտապօգնության բրիգադին հարկադրել են ձեւակերպել, որ քաղաքացուն, իբրև թե, տեղափոխել են Ստեփանավան քաղաքի այլ վայրից և նմանատիպ այլ խնդիրներ: Բայց ես ցանկանում եմ բոլոր ապօրինության դիմողներին երազախաբ անել, որովհետև մեզ մոտ առկա են խոսակցության ամբողջ ձայնագրությունները, որը մենք քննությանը կտրամադրենք բացառապես գործի ավարտին, երբ ոքաղաքապետը արդեն հարցաքննված կլինի, երբ որ դատավարական դուռը այն աստիճան խորացված կլինի, որ հետո մեր հանրությունը տեղեկանա, թե ինչ է, իրականում, տեղի ունեցել»:
Այնուհետև Կոչուբաևը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել, իրականում:
Նա ասաց, որ Գագիկ Կարապետյանը (տուժած քաղաքացու անունը) մտել է Ստեփանավանի քաղաքապետի ընդունարան, քաղաքապետի քարտուղարուհին ասել է «ամբողջ օրը ժողովի է, քեզ չի կարող ընդունել», Գագիկ Կարապետյանն էլ վրդովվել է, որ Երևանից հասել է Ստեփանավան, որովհետև ընդամենը քաղաքապետի մեկ ստորագրությունն է պետք եղել իրեն, որից հետո քաղաքացու «վրդովմունքի» վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով նրան տարել են քաղաքապետի աշխատասենյակ, որտեղ քաղաքապետը, ըստ փաստաբանի, Գ. Կարապետյանին «դեմ է տվել պատին, դանակը մտցրել կոկորդը և սպառնացել, որ կսպանի», որից հետո Գագիկ Կարապետյանը փախուստի է դիմել աշխատասենյակից:
Նա նաև նշեց, որ ինքն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել, որ քաղաքապետարանի տեսախցիկները առգրավեն:
«Բայց ես արդեն վստահ եմ, որ հիմա տեղի կունենա այն, թե DVR սարքեր չկան, տեսախցիկները փչացել են, մարտկոցները նստած են և նմանատիպ այլ ցնդաբանություններ, բայց ես կրկնում եմ, որ մեր գործընկերները պետք է հաշվի առնեն, հատկապես քաղաքապետ պետք է հաշվի առնի, որ իր և Գագիկ Կարապետյանի միջև խոսակցությունը Կարապետյանը ձայնագրվել է: Գուցե դա դատավարական առումով ճանաչվի անթույլատրելի ապացույց, բայց մեր հանրության սեփականությունը կդառնա Ստեփանավանի քաղաքապետի և' բառամթերքը, և' քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը, ու նաև, ըստ էության, դատավարական առումով էլ ապացույց կլինի, որ քաղաքապետը սպանության փորձ է կատարել»,-ասաց Կոչուբաևը: