2024-ին կմեկնարկի 20 ամբուլատորիաների եւ 9 պոլիկլինիկաների շինարարությունը. Անահիտ Ավանեսյան
2023-ին մեկնարկել են 20 ամբուլատորիաների եւ 9 պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքները. մրցույթները կայացել են, հիմա նախագծերը կազմվում են եւ մենք 2024-ին կմեկնարկենք այս կառույցների շինարարությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սա ամբողջանալով նաեւ առողջության առաջնային օղակում աշխատավարձերի վերանայման բոնուսային համակարգի ներդրման հետ, բավական մեծ ազդեցություն է ունենալու, որ ծառայությունները հիմնականում տրամադրվեն ոչ թե հիվանդանոցային օղակում, այլ նաեւ առողջության առաջնային օղակում, դրանք լինեն ավելի կանխարգելիչ, լինեն ավելի վաղ հայտնաբերման արդյունքում նվազ ծախսատար: Դրանք, ի վերջո, բուժօգնության որակի վրա են ազդելու»,-ասաց նա:
Բուժօգնության որակի երկրորդ չափորոշիչը, ըստ Ավանեսյանի, բժիշկներն են. «Գիտեք, որ 2023-ի հունվարի 1-ից արդեն ուժի մեջ մտավ պարտադիր հավաստագրման համակարգը, մեր 30 հազարից ավելի բուժաշխատողները հավաստագրվեցին:
Որակի բարելավման հաջորդ բաղադրիչը էլեկտրոնային առողջապահությունն է: Այս ուղղությամբ, մենք 2023-ին կարողացել ենք ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը, եւ կենտրոնացված գնումների շրջանակներում տրամադրվող դեղորայքը արդեն իսկ դուրս է գրվում պոլիկլինիկաների կողմից միայն էլեկտրոնային դեղատոմսերի միջոցով»,-ասաց նախարարը: