Օրենքի փոփոխություններով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալներն ազատվել են պաշտոններից և վերանշանակվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սամվել Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Անդրանիկ Սիմոնյանը և Արամ Հակոբյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից, այնուհետև վարչապետի որոշումներով՝ վերանշանակվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ վարչապետի որոշմամբ՝ վերանշանակվել:
Նշենք, որ 2023-ի դեկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը փոփոխություն կատարեց մի շարք օրենքներում և վարչապետին վերապահեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ու տեղակալներ նշանակելու որոշումը:
Հիմնավորման մեջ նշվում էր, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենին և տեղակալներին նշանակում և ազատում էր նախագահը: Նույն փոփոխությամբ այս պաշտոնյաները չեն համարվում այլևս զինվորական ծառայողներ, այլ հանրային պաշտոն են զբաղեցնում: