Վրաստանը զենիթահրթիռային համալիրներ կգնի Լեհաստանից
Վրաստանի պաշտպանության նախարարությունը Լեհաստանի MESKO S.A ընկերության հետ կնքել է համաձայնագիր զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավան հանդիպել է Լեհաստանի MESKO S.A ընկերության ներկայացուցիչների հետ։ Ավելի ուշ համաձայնագիր է ստորագրվել լեհական արտադրության զենիթահրթիռային համալիրների գնման մասին: Հիշյալ փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման ծրագրի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ստանդարտների սպառազինության ներդրման կարևորությունը Վրաստանի համար, ինչը կնպաստի երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը 2023 թվականի դեկտեմբերին հայտնել է, որ բանակը ստացել է հանրապետությունում լեհական կողմի հետ համատեղ արտադրված անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը։ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեն հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը երկու տարի հետո կկարողանա ապահովել Թբիլիսիի երկնքի ամբողջական պաշտպանվածությունը հակաօդային պաշտպանության տարրերով, իսկ երկրի հակաօդային պաշտպանությունը կդառնա ամենաուժեղներից մեկը տարածաշրջանում: