Եվրահանձնաժողովը զիջումների կգնա Հունգարիայի հանդեպ՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն հատկացնելու համար. Financial Times
Եվրահանձնաժողովը պատրաստ է կատարել Հունգարիայի որոշ պահանջները՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու վետոն վերացնելու համար։ Այդ մասին Financial Times-ին հայտնել է եվրոպացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյա։
Որպեսզի Հունգարիային համոզի հրաժարվել ռազմական օգնության փաթեթի հանդեպ դեկտեմբերին կիրառված վետոյից, Եվրահանձնաժողովը պատրաստ է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին իրավունք տալ դադարեցնելու ֆինանսավորման գործարքը 2025 թվականի կեսին, հայտարարել են պարբերականի զրուցակիցները: Հնարավոր զիջման շրջանակներում Հունգարիան կարող է նախաձեռնել համաձայնագրի պայմանների վերանայում՝ գնահատելու համար, թե Ուկրաինան դեռ ինչքան ֆինանսավորման կարիք ունի և արդյոք կատարել է ԵՄ-ի պահանջները՝ միջոցներ ստանալու համար:
Հանձնաժողովը նաև դեմ չէ օգնության հատկացումների տարեկան ստուգմանը և «վթարային արգելակման» կետի ներդրմանը, որի համաձայն ցանկացած երկիր կարող է «Ուկրաինային վճարումների հետ կապված լուրջ մտահոգությունները» քննարկել ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում, ասել են աղբյուրները: Նշվում է, որ այդ կետը Հունգարիային լրացուցիչ հնարավորություն չի տա վետո կիրառել ֆինանսավորման հանդեպ։
Բարձրաստիճան հունգարացի մի պաշտոնյա Financial Times-ի հետ հարցազրույցի ժամանակ հավանական է համարել, որ Հունգարիան կընդունի այդ պայմանները: