ԼՂ հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է. Միյատովիչ
«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները իրենց խաղաղ բանակցություններում պետք է կենտրոնանան մարդու իրավունքների պաշտպանության վրա և հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար հաստատեն մարդու իրավունքների կայուն երաշխիքներ»,- ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հրապարակելով իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո: Տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել ԼՂ:
Ողջունելով Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղից ժամանած բոլոր կարիքավորներին առաջին տարրական օգնություն տրամադրելու ուղղությամբ, հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստանում ապաստան գտած ԼՂ հայերին և, մասնավորապես, խոցելի խմբերին պատկանողներին, պետք է երաշխավորվի անհրաժեշտ աջակցության հասանելիությունն անմիջական, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: «Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է կենտրոնանան ֆինանսական աջակցության վրա, ապահովեն, որ տեղահանվածների և նրանց ընդունող բնակչության հումանիտար կարիքները լիովին բավարարվեն»,- ավելացրել է հանձնակատարը:
Միյատովիչն ընդգծել է, որ Հայաստանում վերջերս տեղահանված ԼՂ հայերին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ ապահով և արժանապատիվ, նույնիսկ եթե դա հիպոթետիկ է թվում այս պահին, ներառյալ ճկուն լուծումներ գտնելու միջոցով, մասնավորապես՝ կապված նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ: «Մինչ հնարավոր վերադարձը, պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում՝ անվտանգության երաշխիքներ հաստատելով, որ ղարաբաղցի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները կամ սովորական բնակության վայրերը և այցելեն գերեզմաններ, որտեղ թաղված են հարազատները: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ ղարաբաղցի հայերի թողած ունեցվածքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ զավթումից: Այն սակավաթիվ էթնիկ հայերը, որոնք մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանությունից, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքից»,- նշել է Միյատովիչը:
«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին բոլոր մեղադրանքները պետք է արդյունավետ և անհապաղ հետաքննվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն արդար, անկախ և անաչառ դատավարությունից հետո: Դա ներառում է մեղադրանքներ՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման հանգամանքների, ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանման և սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հետ»,- ասել է հանձնակատարը։
Դունյա Միյատովիչի դիտարկումներում արծարծված մարդու իրավունքների վերաբերյալ այլ հարցերը ներառում են մարդկանց ականներից և պատերազմից մնացած պայթուցիկներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հակամարտության պատճառով ձերբակալված անձանց վիճակը, ներառյալ նրանց կալանքի պայմաններն ու ընտանիքների հետ շփման մակարդակը, հակամարտության ընթացքում անհայտ կորածների ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարևորությունը:
Ի վերջո, հանձնակատարը երկու երկրների իշխանություններին կոչ է արել պայքարել ատելության խոսքի դեմ և խթանել փոխըմբռնումն ու վստահությունը: