Կոտայքի Բուժական գյուղի բնակիչը Վայոց ձորի Արփի գյուղում գինի, կոնյակ, տնական օղի էր գողացել (Տեսանյութ)
Հունվարի 1-ին, ժամը 10.50-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի իր տաղավարից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր տնական օղի, 20 տուփ ծխախոտ և 1 արկղ լիմոնի հյութ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժել է ևս մեկ տաղավարի տեր. նույն ժամանակահատվածում գողացել էին 100 լիտր գինի, 50 լիտր կոնյակ, 100 լիտր տնական օղի, պահածոյացված բոխի և այլ ապրանք՝ պատճառելով ավելի քան 600 հազար դրամի վնաս:
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունները կատարել է Կոտայքի մարզի Բուժական գյուղի մի բնակիչ:
Համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների հետ` Եղեգնաձորի քրեական հետախույզները հունվարի 4-ին 30-ամյա բուժականցուն հայտնաբերեցին հայրենի գյուղում և, իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ըստ տեղեկության` այդ մեքենայով էր կատարվել գողությունը: Հենց մեքենայում էլ գողոնը մասամբ հայտնաբերվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: