Իրավապահները բերման են ենթարկել գեներալ Տիրան Խաչատրյանին. Նա կասկածվում է ռեստորանում կրակոց արձակելու մեջ
Իրավապահները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի, կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է:
Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:
Այս պահին Տ. Խաչատրյանը ոստիկանության Կոտայքի բաժնում է, և նրան ոստիկանությունից ներկայացնելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց էր հնչել և կար վիրավոր:
Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի «կուպե»-ներից մեկում հայտնաբերել էին արնանման հետքեր, դռան վրայի ապակուն առկա կրակոցի հետք, իսկ դրսում՝ կրակված 1 պարկուճ և դրամանապանակ:
«Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը, ով այնուհետև տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 47-ամյա Հրայր Մ.-ն է:
Այս դեպքի առնչությամբ ոստիկանությունից հայտնել են, որ հունվարի 11-ին, ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։ Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ճն մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։