«Հրապարակ». Ոչ մի դուշ, ոչ մի կախիչ չի պլստա
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանն իր «կախիչ-դուշ» շոուով մի այլ կարգի է «բռնել» մարզպետների վախը։ Լոռվա եւ Արմավիրի մարզպետների պաշտոնանկությունից հետո մյուսները ոտուձեռ են ընկել, 24/7 ռեժիմով այցելում են իրենց մարզում նորոգվող կրթական եւ առողջապահական հաստատություններ, ստուգում կախիչներն ու «դուշերը», հանձնարարում աշխատանքները որակով անել՝ հույս ունենալով, որ ազատումների ալիքն իրենց չի հասնի: Ամեն կերպ ցույց են տալիս, որ ոչ մի «դուշ», ոչ մի կախիչ չի պլստա իրենց աչքից։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, օրինակ, հարյուր տարվա փորձառու «պրարաբ» է իրեն զգում` ողջ օրն անցկացնում է շինհրապարակներում: Մարզպետարանի պաշտոնական էջը հաղորդում է, որ նախօրեին նա «հետեւել է Արթիկի թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին», «շինարարի հետ զրույցում նկատառումներ նշել եւ ընդգծել, որ հաշվի պետք է առնվի յուրաքանչյուր հարց, եւ անգամ փոքր թերացումները պետք է արագ շտկվեն»: Նույն օրն այցելել է նաեւ Արթիկի թիվ 3 եւ 4 մանկապարտեզներ` շինաշխատանքների ընթացքին հետեւելու։
«Մուշեղ Մուրադյանն այցելել է նաեւ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակ», հետեւել «Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում եւ Կապսում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին»:
Գեղարքունիքի մարզպետն էլ իրեն ապահովագրելու համար գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով Մարտունու՝ անցած տարեվերջին բացված հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում