Աժիտացիա․ ուղեկցվում է վախի ու տագնապի զգացումներով
Աժիտացիան հուզական խիստ գրգռված վիճակն է, որն ուղեկցվում է անհանգստությամբ և վախով։
Աժիտացիան պատասխան ռեակցիա է աշխատավայրում, դպրոցում, քննության կամ վիճաբանության ժամանակ առաջացող սթրեսային վիճակին։ Սակայն, երբ աժիտացիան ստանում է կանոնավոր բնույթ կամ սկսում է առաջանալ առանց որևէ ակնհայտ պատճառի, պետք է անհապաղ դիմել բժշկի։
Այն, որպես կանոն, ուղեկցվում է վախի ու տագնապի զգացումներով և հաճախ՝ նաև շարժողական անհանգստությամբ, երբ անհանգստությունը և վախն այն աստիճան ուժեղ են, որ առաջանում է մշտական շարժման մեջ լինելու պահանջ և «խոսքային» անհանգստություն։
Նման վիճակում մարդը կարող է նաև չգիտակցել այս պահանջարկները և դառնալ մռայլ՝ կարողանալով կատարել միայն ինքնաբուխ գործողություններ և կորցնել սթափ դատելու ունակությունը, չկարողանալ միմյանց համադրել բարդ պատճառահետևանքային կապերը և համակվել դատարկության զգացումով։
Աժիտացիան ոչ հազվադեպ ուղեկցվում է վեգետատիվ նշաններով՝ սրտազարկի հաճախացում (տախիկարդիա), քրտնարտադրություն, գունատություն, ձեռքերի կամ ոտքերի դող։
Այսպիսի վիճակն ավելի հաճախ դրսևորվում է որպես ուժեղ հուզական լարվածության կամ սթրեսի արդյունք, սակայն կարող է զարգանալ նաև ալկոհոլային հարբածության կամ թմրամիջոցների ազդեցությամբ։
Աժիտացիայի հաճախ հանդիպող պատճառներից են՝
աշխատանքային սթրես,
ուսումնական սթրես,
ինքնազգացության վատացում,
հասակակիցների կամ աշխատակիցների կողմից ճնշում,
վիշտ։
Աժիտացիա առաջացնող առողջական խնդիրներից են՝
անհանգստություն կամ տրամադրության խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա կամ բիպոլյար խանգարում,
հորմոնային անհավասարակշռության բերող հիվանդություններ, օրինակ՝ հիպոթիրեոզ,
ալկոհոլային կախվածություն կամ զրկանքի համախտանիշ,
աուտիզմ,
նյարդաբանական հիվանդություններ (հազվադեպ՝ գլխուղեղի ուռուցքներ), փոխանցում է Aysor.am-ը։