Իտալացի պրոֆեսորը հայագիտական գործունեության համար պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
Իտալացի պրոֆեսոր, «Հրանտ Նազարյանց» ուսումնական կենտրոնի նախագահ Կարլո Կոպոլան Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանի կողմից ու Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
Իտալական Բարիի փոխքաղաքապետի, քաղաքապետարանի ներկայացուցիների, դեսպանի, հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որը հնարավորություն է՝ առավել ամրապնդելու Հայաստանի և Բարի քաղաքի միջև հարաբերությունները։ Հանդիպումից հետո տեղի ունեցած արարողությանը դեսպան Համբարձումյանն ընդգծել է Հայաստանի և Բարի քաղաքի միջև կապի ամրությունը:
«Այս քաղաքը մտավ իմ սիրտը, և ես ուզում էի արձակուրդներս անցկացնել հենց այստեղ։ Ինձ համար մեծ պատիվ է Հանրապետության նախագահի անունից այս Երախտագիտության մեդալը շնորհել Կառլո Կոպոլային՝ «ծնունդով իտալացի և որդեգրված հայ»։ Նա մարդ է, ով կարողացավ խորապես ըմբռնել մեր ժողովրդի էությունը և ով գերվեց հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցի երազանքներով, ով հենց այստեղ՝ Բարիում, մյուս փախստականների հետ միասին հիմնեց Նոր Արաքս գյուղը։ Կոպոլան պատմաբան է, ով միշտ կարողացել է պրոֆեսիոնալիզմով և մեծ զգայունությամբ զբաղվել նույնիսկ ամենացավոտ ասպեկտներով, ինչպիսիք են ցեղասպանությունն ու էթնիկ զտումները Ադրբեջանի կողմից»,-ասել է դեսպանը:
Կոպոլան մեծ պատիվ է համարել ՀՀ նախագահի անունից մեդալ ստանալը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ իրեն մեդալի պատվին արժանացնելու համար, Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին, ով ներկայացրել է իր անունը։
«Ինչպես շատերը գիտեն, հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցի ստեղծագործությունն իմ մեջ սերմանեց այս ժողովրդի հանդեպ սերը: Այս սերը մեծացրել է նրա ազնվագույն հոգևոր ժառանգներից մեկը՝ Ռուբեն Թիմուրյանը, վերջապես կինս՝ Թամարը և զավակներս՝ Նիկոլասն ու Արմենը»,-նշել է նա: