Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում սառը քամիներ են սկսել փչել. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում սառը քամիներ են սկսել փչել:
1. Բլինկենը հայտարարել է, որ Շվեդիայի ՆԱՏՕ մտնելու հարցում կան առաջխաղացումներ, որի համար Թուրքիան նոր F16-ներ ու եղած ինքնաթիռների պահեստամասեր ստանալու ակնկալիքներ ունի: Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելը Բալթիկ ծովում և Կալինգրադի մարզի հետ կապի խնդիրներում Ռուսաստանի համար ստրատեգիական վտանգներ է առաջացնում:
2. Դեկտեմբերի 16-ին Էր-Ռիյադում ուկրաինական հարցով գաղտնի հանդիպում է եղել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի բարձր պաշտոնյաների մասնակցությամբ: Հանդիպման գլխավոր կազմակերպիչներից է Բրիտանիան:
Սա նույնպես խորացրել Է Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջացած անվստահությունը:
Բրիտանիան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմավարական տանիքն է:
Այս զարգացումները կարող են նոր իրավիճակ ստեղծել հայ-ադրբեջանական բանակցություններում: Հիշենք, որ անցած տարվա սեպտեմբերին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից հետո, Արցախում ավարտին հասցվեցին հայերի էթնիկ զտումները:
Ի՞նչն է հետաքրքիր՝ Էր-Ռիյադում կայացած գաղտնի բանակցություններից հետո, Դավոսում սպասվում է Ուկրաինայում խաղաղության բանաձևի շուրջ քննարկում, որին մասնակցելու է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այստեղ առաջանում են հարցեր, թե որն է Հայաստանի, այսպես կոչված, կառավարության քաղաքականությունը, ինչ և ում խնդիրներն են սպասարկում և ինչ հաշվարկներ կան: Կառավարության ստրատեգիական հաշվարկների մասին հարցադրումը հռետորական է, հասկանալի է, որ ստրատեգիական մտածողությունն ու Հայաստանի կառավարությունն անհամատեղելի հասկացություններ են»: