Ֆինանսական դժվարություններ ունենք, նորմալ ենք ընդունում այդ սանկցիան, ոչ մի առարկություն չունենք. Ալեն Սիմոնյանի կինը՝ ԲՏԱ պատժամիջոցների մասին
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարների ուշացումներ են եղել, բայց դա ոչ միայն մեզ մոտ է, այլև գրեթե բոլոր հեռուստաալիքների, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՏԱ կողմից կիրառված պատժամիջոցներին՝ նշեց «Ֆրինյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանը։
Նա ավելացրեց, որ որոշ հեռուստաալիքներ պարտքերը մարել են, որոշները դեռ ընթացքի մեջ են. «Մենք մեր ամսականն այս ամիս արդեն արել ենք, առաջիկայում պատրաստվում ենք պարտքն ամբողջությամբ մարել։ ԲՏԱ-ն ժամանակավոր անջատումներ է կիրառում, դա վարչապետի ցուցումով է։ Մենք նորմալ ենք ընդունում այդ սանկցիան, ոչ մի առարկություն չունենք, պատրաստվում ենք վճարել։ Պարզապես ֆինանսական դժվարություններ ունենք»։
Մարիամ Մարգարյանը հավելեց, որ ֆինանսական դժվարությունները պայմանավորված են գովազդային շուկայի սահմանափակումներով. «Այդ սահմանափակումներով պայմանավորված՝ գովազդի կտրուկ պակաս ունենք»։
Նա նաև շեշտեց, որ հեռուստաալիքը փակելու խնդիր, մտադրություն չկա։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է անջատել Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ»-ի հեռուստաեթերը:
«Պատճառն Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության կուտակած պարտքերն են: Այսինքն՝ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Եւ, ահա, ԲՏԱ նոր նախարար Մխիթար Հայրապետյանն իր գործունեության առաջին օրերին նկատել է, որ մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում՝ ԱԺ նախագահի կնոջ կողմից ղեկավարվողը, պարտքեր են կուտակել, եւ նախաձեռնել է նրանց եթերազրկումը»: