ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը մանրամասներ է ներկայացրել զինակոչիկ Է․ Կարապետյանի մահվան հանգամանքների վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել զինակոչիկ Է․ Կարապետյանի մահվան հանգամանքների վերաբերյալ.
«Նկատի ունենալով, որ 20-ամյա Է․ Կարապետյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հրապարակումները շարունակվում են, իսկ ԶԼՄ գործընկերներիցս ստացել եմ տեղեկատվություն և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ մի քանի հարցումներ՝ հայտնում եմ հետևյալը․
2024 թվականի հունվարի 06-ին՝ ժամը 04:21-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը ժամը 03:45-ի սահմաններում Ալիխանյան եղբայրների փողոցի համապատասխան հասցեում արձանագրել է 2003թ․ ծնված Է․ Հ․- ի կենսաբանական մահը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Է․ Հ․-ի մահվան պատճառը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Վերոնշյալ հասցեում կատարվել է դեպքի վայրի զննություն:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով՝ տվյալ պահին տուժողը գտնվել է իր քրոջ և նրա ամուսնու՝ նշված հասցեում գտնվող տանը, նրանց հետ միասին: Կանչված շտապօգնության բրիգադը տուժողին ցուցաբերել է առաջին օգնություն ու տեղափոխել բուժհաստատություն, սակայն հիվանդանոց վերջինիս հասցվել է արդեն մահացած վիճակում։
Քրեական վարույթով հետագայում ստացվել են տվյալներ Է․ Հ․-ի մոտ առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև մինչ այդ համապատասխան բժշկական ստուգումներ անցնելու մասին։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում մահվան պատճառները պարզելու, դրան նախորդած հանգամանքներին առնչվող բոլոր, այդ թվում նաև մամուլում շրջանառվող տվյալներն ստուգելու նպատակով։
Ելնելով դրանից՝ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողությունները կստանան իրավական գնահատականներ»: