ԱՄՆ-ն ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկի Թայվան
Միացյալ Նահանգները ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկի Թայվան՝ շաբաթ օրը կղզում կայանալիք ընտրությունների ավարտից հետո:
Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի։
«Հաշվի առնելով Թայվանի հետ մեր ոչ պաշտոնական հարաբերությունները՝ մենք հաճախ ենք բարձր մակարդակի նախկին կառավարական պաշտոնյաների այս ոչ պաշտոնական պատվիրակություններին ուղարկում Թայբեյ», - բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկայիս պատվիրակության կազմում ևս կլինեն ԱՄՆ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սակայն նա չի հստակեցրել, թե ովքեր։
Վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ պարզ չէ, թե Չինաստանն ինչպես կարձագանքի պատվիրակությանը:
«Ներկայում մենք չենք կանխատեսում, թե ինչ տեղի կունենա կամ ինչպիսին կլինի Չինաստանի արձագանքը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Պեկինն իր հայացքներն ունի ընտրությունների ելքի հարցում », - ասել է պաշտոնյան։
Այդուհանդերձ, Սպիտակ տունը, նրա խոսքով, «լիարժեք վստահություն» է պահպանում Թայվանի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։