Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային վարկանիշային մրցաշարում
Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը։
Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու նվաճել բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակցել է 12 պետության 117 մարզիկ։
«Գլեբ Մոսեսն արմատներով հայ է, ավելին` արցախցի է: Այժմ նա մարզվում է Ավստրիայում և ինքն է ցանկություն հայտնել ներկայացնել Հայաստանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Հունվարի 13-14-ը, Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի փուլին Հայաստանն առաջին անգամ մասնակից կունենա՝ ի դեմս Գլեբ Մոսեսովի։
Մոսեսովը վերջերս արծաթե մեդալ էր նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում:
Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված էին Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Առաջնության շրջանակում Մոսեսովն արծաթե մեդալ էր նվաճել ոլորավայրէջք ձևում: