Մեր հասարակության մեջ դեռ կան տարրեր, որ նպատակ են հետապնդում պետական միջոցները վատնելու և ամեն միջոց օգտագործում են պետությանը «քցելու» համար. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է.
«Այսօր կաթացող ծորակի վրա աչք կփակենք, վաղը՝ կոտրված կախիչի, մյուս օրը՝ շարքից դուրս եկած ու խափանված զինտեխնիկայի։
Ցավոք, մեր հասարակության մեջ դեռ կան տարրեր, որ նպատակ են հետապնդում պետական միջոցները վատնելու և ամեն միջոց օգտագործում են պետությանը «քցելու» համար։ Պետությանը «քցելու» արժեհամակարգը, ցավոք, դեռ չի հաջողվել արմատախիլ անել, բայց մի տարբերությամբ, որ մեղավորները պատասխան են տալու։
Կառուցված մարզադահլիճի ծորակների խնդիրը շատ ավելի խորքային է, քան ոմանք պատկերացնում են։ Առաջին հայացքից թվում է, թե խոսքն ընդամենը ինչ-որ կախիչի, ծորակի կամ ցանցի մասին էր։ Շատերն անգամ քննադատեցին այդ «մանր» հարցերի վրա կենտրոնանալու համար՝ պատճառաբանելով, թե երկրում ավելի լուրջ խնդիրներ կան, բայց արի ու տես, որ խնդիրը շատ ավելի խորքային է՝ պետական միջոցները չվատնելու, խնայելու ու գնահատելու մեջ է։ Խնդիրը՝ պետականը սեփականի պես ընկալման մեջ է։
Դժվար թե մեր շարքերում գտնվի մեկը, ով կհանդուրժեր իր տանը տեղադրված անհամեմատ մեծ գնով ձեռք բերված էժան ապրանքը, և, ուրեմն, ինչու պետք է թույլ տանք նույնը պետական միջոցներով կառուցված մարզադահլիճում։ Պետությունն էլ մեր տունն է, որ պահում ենք մեր վճարած հարկերով»։