«Մեր ազգուտակի մեջ առաջին սպան եմ լինելու»․ Կուրսանտ Էրիկ Բագրատյան
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը շատ կարևոր դերակատարում է ունեցել կուրսանտ Էրիկ Բագրատյանի կյանքում։
«Այնտեղ սովորելու տարիներին ինձ այնպես են պատրաստել, որ կարողացել եմ լիովին հարմարվել սպայական պատրաստության ավելի լուրջ և բարդ ծրագրին։ Զբաղվել եմ սպորտով, վարժարանից էլ ամեն ոլորտից բավականաչափ տեղեկացված եմ եկել ռազմական ակադեմիա։ Արդյունքում չեմ նեղվում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, գործնական պարապմունքներից։
Զորավարժարանի ուսումնական կետերից յուրաքանչյուրում ինչ-որ հմտություն ենք զարգացնում։ Ստանում ենք այնպիսի գիտելիքներ, որ հետագայում կօգնեն ցանկացած տեղանքում և եղանակային պայմաններում ինքնակազմակերպվել, կնպաստեն գրագետ, բանիմաց սպա դառնալուն»,- ՊՆ-ին պատմել է Բագրատյանը։
Ըստ նրա՝ վարժարանում կատարվող ամեն ինչ կրթվելու, սպայական ծառայությանը նախապատրաստվելու հնարավորություն է տալիս, օգնում է հասկանալ, գնահատել մասնագիտության արժեքը։
«Մեր ազգուտակի մեջ առաջին սպան եմ լինելու, ինչն ավելի է պարտավորեցնում հասնել առավելագույն արդյունքի»,- նշել է Էրիկը։