Ալավերդին կառավարում են Արեն Մկրտչյանը, կիսագողականները և նոր վերջում՝ Ղումաշյանը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. ՔՊ-ի կողմից Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնն ապօրինի կերպով բռնազավթելու մասին նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հայցադիմումն արդեն տասն օրից ավելի է՝ վարչական դատարանը վարույթ է ընդունել, սակայն ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանը չի լքում համայնքապետի աթոռը, հայտարարում է՝ չկա այնպիսի օրենք, որով իր լիազորությունները կարող են դադարեցվել։ Մինչդեռ Վարչական դատավարության օրենսգիրքն ասում է, որ վարույթ ընդունելու պահից` առանց հատուկ որոշման, վեճի առարկա գործընթացի վրա արգելանք է դրվում, այս պարագայում ՔՊ-ական համայնքապետը պետք է դադարեցնի պաշտոնավարումը, մինչև դատարանի կողմից որոշում արձակվելը:
Ալավերդու նախկին ղեկավար, հայցվոր Արկադի Թամազյանը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու որոշումը։ «Հայցադիմումի մեջ նշել ենք, որ Թամազյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո հոկտեմբերին մեկ անգամ անվստահության գործընթաց եղել է։ ՏԻՄ օրենքով մեկ տարվա ընթացքում ավագանին կրկին անվստահություն հայտնել չի կարող։ Բացի այդ, իրենց կողմից անվստահություն հայտնելու վերաբերյալ դիմումը պետք է օրենքի ուժով ներկայացվեր համայնքի ղեկավարին, այնինչ մուտք է արվել համայնքապետարանի քարտուղարություն։ Հայցադիմումի հիմնական մեխերը սրանք են»,- մեզ հետ զրույցում ասաց Արկադի Թամազյանի փաստաբան Լևոն Օհանյանը։ Ըստ նրա՝ դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո օրենքի ուժով պետք է կասեցվի Ղումաշյանի՝ քաղաքապետի գործունեությունը։
«Ղումաշյանը շարունակում է պաշտոնավարել և փաստաթղթեր ստորագրել։ Սա անօրինական է։ Վարչական դատավարության օրենսգրքով՝ եթե վիճարկվում է որևէ վարչական ակտ, ապա դրա հետագա կատարումը կասեցվում է։ Սա նշանակում է, որ Ղումաշյանն ապօրինի գործունեություն է ծավալում համայնքապետարանում»,- նշեց փաստաբանը։ Արկադի Թամազյանն իր հերթին ասաց, որ դիմելու են դատախազություն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ «Դիմում ենք ՏԿԵ, որ բռնի ուժով տիրացած ղեկավարին ասեն՝ հեռացիր, մինչև դատարանի վճիռը կայանա։ Քանի դեռ դատական վճիռ չի կայացվել, Ղումաշյանը չպետք է համայնքը ղեկավարի։ Նա սովորականի պես գնում է աշխատանքի, փաստաթղթեր է ստորագրում։ Դատախազությունը պետք է դրան ընթացք տա և քրեական վարույթ նախաձեռնի»,- նկատեց Թամազյանը։
Ալավերդու նախկին ղեկավարը պնդում է՝ համայնքում ստվերային կառավարում է գնում։ «Ղումաշյան կոչեցյալը դրածո է, կառավարող չէ։ Ալավերդին կառավարում են Արեն Մկրտչյանը, Սիմոն Զախարովը, կիսագողականները և վերջում՝ Դավիթ Ղումաշյանը»։
Դավիթ Ղումաշյանը հեռանալու մտադրություն չունի, իրեն ապօրինությունների մեջ մեղադրող Թամազյանին հակադարձում է՝ շարունակելու է պաշտոնավարել, նման օրենք չկա, որով ինքը պետք է դադարեցնի իր լիազորությունները: «Ծանուցում դեռ չեմ ստացել դատարանից։ Աբսուրդի ժանրից է այդ հայցը։ Ցանկացած քաղաքացի կարող է դիմել Վարչական դատարան այն պահանջով, որ ավագանին իր որոշումով ուղիղ կպել է իր շահերին, դատարանը հո այդպիսով ավագանու գործունեությունը չի՞ կասեցնելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե քանի քաղաքացի կարա դիմի, լոգիկան որտե՞ղ է»։
Պատասխանելով Թամազյանի այն պնդումներին, թե Ալավերդին ստվերային կառավարում են ՔՊ-ական պատգամավորը, կիսագողականները, Ղումաշյանն ասաց․ «Լո՞ւրջ է ասում, շատ հետաքրքիր բան է ասում»: Դիտարկմանը, որ Արեն Մկրտչյանը հաճախ է գալիս Ալավերդու համայնքապետարան, միջամտում է համայնքի գործերին, առանց նրա որոշումներ չեն կայացվում, Ղումաշյանը ոչ միայն հերքեց, այլև ասաց. «Չեմ էլ հիշում, թե Արեն Մկրտչյանին վերջին անգամ երբ եմ տեսել, հա, հիշեցի՝ վարչապետի այցի օրը, այդ ժամանակ եմ տեսել»:
Հիշեցնենք, որ ավագանու 27 անդամներից 14-ի մասնակցությամբ Ալավերդու ՔՊ խմբակցության ավագանին դեկտեմբերի 5-ին անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող, գործող համայնքապետ Արկադի Թամազյանին և համայնքապետ ընտրեց նախկին ՀՀԿ-ական, Շնողի սկանդալային նախկին համայնքապետ, ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։