ՔՊ-ական պաշտոնյան՝ կաշառքի գործով սկանդալի կենտրոնում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Խոյ խոշորացված համայնքի Ծաղկալանջ բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Պողոսյանի վերաբերյալ Ծաղկալանջի բազմաթիվ բնակիչներ հաղորդում են ներկայացրել առ այն, որ վարչական ղեկավարը համայնքապատկան տարածքները վարձով տալու խոստումով իրենցից որպես կաշառք գումար է վերցրել ու տարածքները վարձակալության չի տվել։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գևորգ (Գևորիկ) Պողոսյանը 2022թ․-ի ամռանից մինչ օրս Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «800 մետրանոց» անվամբ կոչվող տարածքում առանց որևէ իրավական հիմքի որոշակի հողակտորներ փաստացի տնօրինող մոտ 40 բնակիչներից պահանջել է այդ տարածքների վերաբերյալ վարձակալության պայմանագիր կնքելու համար կաշառք։ Պողոսյանը կաշառքը վերցրել է և՛ առձեռն, և՛ Ծաղկալանջի համայնքապետարանում որպես առաջատար մասնագետ աշխատող Արևհատ Ստեփանյանի միջոցով։ ՔՊ-ական պաշտոնյան Ծաղկալանջի գուղացիներից հափշտակել է խոշոր չափերով գումար և մինչ օրս որևէ գործողություն չի կատարել այդ տարածքները վարձակալությամբ տալու համար։
Մեր տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ Ծաղկալանջի բնակիչներ Լալա Ս․-ն, Ժիրայր Զ․-ն, Պավլիկ Պ․-ն բողոք են ներկայացրել Վաղարշապատի բաժին։ Փաստաթղթերն ուղարկվել են քննչական։
Խոյ համանքի վարչական ղեկավար Արգիշտի Մեխակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը, ասաց․
«Եթե նման բան կա, եթե բողոքներ են ներկայացրել համայնքի բնակիչները, ուրեմն իրավապահները այդ հարցով կզբաղվեն և ըստ արժանվույն այդ հարցը կլուծեն»։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: