Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձ ստանալու և աշխատանքի տեղավորելու հարցում
Մասնագիտական ուսուցման բարելավման, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և աշխատանքի տեղավորելու նպատակով ԱՍՀՆ-ն նախագիծ է մշակել, համաձայն որի՝ Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցում անցնել, աշխատանքային փորձ ձեռք բերել և աշխատանքի տեղավորվել:
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նախագիծը ներկայացնելիս պարզաբանեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ:
Առաջինը մասնագիտական ուսուցումն է՝ առնվազն 3 ամսվա պարտադիր աշխատանքի պայմանով:
Սա ենթադրում է մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում, որից հետո գործատուն պետք է որոշի, թե շահառուն որ ուսհաստատությունում այդ պրակտիկան անցնի: Այս դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածին տրամադրվում է 50 հազար դրամ կրթաթոշակ և 50 հազար դրամ ուսման գումար: Ավարտելուց հետո 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքվի գործատուի հետ, և 3 ամիս տևողությամբ 50 հազար դրամի չափով գործատուին կփոխհատուցվեն հարկերը:
«Ե՛վ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար: Այստեղ մի ֆիլտր կա դրված, որ եթե գործատուն աշխատանքային պայմանագիր չի կնքում կամ մինչև 3 ամիս լրանալը լուծում է պայմանագիրը, ապա փոխհատուցվում է կրթաթոշակի և ուսման վարձի համար պետության համար տրամադրված գումարը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակցին»,- ասաց նախարարը:
Երկրորդ բաղադրիչը վճարովի աշխատանքային փորձի, պրակտիկայի տրամադրումն է, որից հետո՝ առնվազն 3 ամսով պարտադիր աշխատանքի տեղավորումը:
Ըստ նախարարի՝ բռնի տեղահանվածի և գործատուի միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից 3 ամիսը դիտարկվում է որպես պարտադիր վճարովի պրակտիկա: Գործատուին Կառավարությունը տրամադրելու է 165 հազար դրամ՝ շահառուի աշխատավարձը և հարկերը վճարելու համար: Հարկերը հանած՝ շահառուին 120 հազար դրամ գումար է մնում: Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս 3 ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին Կառավարությունը 3 ամիս շարունակ վճարում է 50 հազար դրամ՝ պարտադիր հարկերը վճարելու: Աշխատանքային պայմանագիրը մինչև 6 ամիսը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է շահառուին վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից որպես աշխատավարձ վճարված գումարը:
Երրորդ բաղադրիչի դեպքում բոլորը միասին է տրամադրվում, այն է՝ մասնագիտական ուսուցում, վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանքի ընդունելու պարտադիր պայման:
Ըստ նախարարի՝ սա փորձարկված ծրագիր է, 2016-2020-ի ռազմական գործողություններին մասնակցած զինվորների համար ծրագիրն արդեն իսկ գործարկվել է: Փորձը ցույց է տվել, որ ծրագրի շահառուների 70 տոկոսից ավելին մնացել է աշխատաշուկայում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ խոսքը լիցենվավորված ուսումնական հաստատությունում մասնագիտական կրթություն ստանալու մասի՞ն է: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց՝ կա 2 իրավիճակ: Առաջինը, երբ ամբողջական որակավորում տվող դասընթացն է, որի ավարտին տրվում է դիպլոմ, երկրորդը՝ որոշակի որոկավարում տվող դասընթաց, դա պահանջում է լիցենզիա: Այս պարագայում պարտադիր է, որ կրթական հաստատությունը լիցենզիա ունենա՝ մասնավոր թե պետական:
«Եվ ունենք կարճաժամկետ կրթական ծրագրեր, որոնք պահանջում են ոչ թե լիցենզիա, այլ երաշխավորում»,- պարզաբանեց Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ծրագրի ուսուցման ժամկետ սահմանել առավելագույնը ոչ թե 5 ամիս, ինչպես նախատեսված է, այլ 6 ամիս, քանի որ կան նաև այնպիսի դասընթացներ, որոնք կարող են տևել 6 ամիս: Նախարար Մկրտչյանը խոստացավ կատարել համապատասխան փոփոխությունը: