Թուրք քաղաքացին դիմել է դատարան` պահանջելով դատել վարչապետ Էրդողանին
Թուրքիայի Բուրսա նահանգի բնակիչ 23-ամյա Ֆըրաթ Աքթենը դատական հայց է ներկայացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Ըստ «ԴողանՀաբեր» լրատվական գործակալության' հայցի շարժառիթը իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի' Դիարբեքիր կատարծ այցի ժամանակ Էրդողանի կողմից օգտագործված «Հյուսիսային Քուրդիստան» արտահայտությունը:
Աքթենը կոչ է անում դատական պատասխանատվության ենթարկել Էրդողանին Թուրքիայի արևելյան շրջանը Հյուսիսային Քուրդիստան անվանելու համար: Նրա համոզմամբ' Էրդողանը հակասահմանադրական արարք է կատարել, վնաս հացրել երկրի անբաժանելի ամբողջականության գաղափարին, ինչպես նաև խորապես վիրավորել է թուրք ազգին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
«Մենք մեր քաղաքացիական պարտքը կատարեցինք: Որպես թուրք ազգայնական' արեցինք այն, ինչը մեր անելիքն էր: Սրանից հետո արդեն դատավորների ու դատախազների անելիքն է:»
Հիշեցնենք, որ Թուրքական «Թարաֆ» թերթի լրագրող Մեհմեթ Բարանսուն ևս վարչապետ Էրդողանի դեմ հայց է ներկայացրել դատարան' նրան մեղադրելով «արդար դատավարությանը խանգարելու, զրպարտություն անելու և վիրավորանք հացնելու մեջ»: