Իրաքը հայտարարել է, որ կարող է պաշտպանել իրեն և ձգտում է միջազգային ռազմական կոալիցիան դուրս բերել իր տարածքից
Իրաքը ձգտում է իր տարածքից դուրս բերել միջազգային ռազմական կոալիցիան, որը ստեղծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար, քանի որ արդեն կարող է սեփական ուժերով իրեն պաշտպանել ահաբեկչությունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Աս-Սուդանին։
«Մենք ձգտում ենք դուրս գալ կոալիցիայից, քանի որ Իրաքն այժմ կարող է պաշտպանվել ահաբեկչությունից և պետք է լիակատար ինքնիշխանություն իրականացնի իր տարածքում»,- Իրաքի վարչապետի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն,:
Իրաքից օտարերկրյա զինվորականներին դուրս բերելու իրաքյան քաղաքական ուժերի պահանջը վերջերս ավելի ու ավելի է հնչում՝ հաշվի առնելով Իրաքում շիա աշխարհազորայինների կողմից ԱՄՆ-ի ռազմաբազաների մշտական գնդակոծությունները՝ Պաղեստինում Իսրայելի գործողությունների պատճառով տարածաշրջանում իրավիճակի սրման պայմաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատասխան հարձակումներն Իրաքում առկա թիրախների վրա:
Աս-Սուդանիի խոսքով՝ անհրաժեշտ է վերակազմավորել հարաբերությունները միջազգային կոալիցիայի հետ, որպեսզի նրա ներկայությունն ու գործողություններն Իրաքում որևէ կողմի համար չլինեն պատրվակ կամ արդարացում սեփական քայլերն իրականացնելու համար:
Նրա կարծիքով՝ կոալիցիոն ուժերի դուրսբերումը պետք է համաձայնեցվի փոխըմբռնման և երկխոսության գործընթացի միջոցով։