Միացյալ Թագավորությունը համատեղ վարժանքներ կանցկացնի Հնդկաստանի հետ
Մեծ Բրիտանիան այս տարի Հնդկական օվկիանոս կուղարկի ծովային արագ արձագանքման, իսկ 2025 թվականին՝ ավիակիր հարվածային խմբեր՝ Հնդկաստանի նավատորմի հետ համատեղ վարժանքների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գրանտ Շեփսը, առաջադեմ ռազմածովային ուժերի տեղակայումը վճռորոշ քայլ է Նյու Դելիի հետ Լոնդոնի անվտանգության կապերի ամրապնդման համար։
Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը առաջիկա տարիներին մի շարք զորավարժություններ կանցկացնեն՝ ամրապնդելու իրենց պաշտպանական կարողությունները՝ պաշտպանելու առևտրային ուղիները և ապահովելու ծովային անվտանգությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի նավատորմը որոշել է Արաբական ծովում տեղակայել հնդկական հրթիռային կործանիչներ՝ տարածաշրջանում առևտրային նավերի վրա հարձակումների պատճառով: