ԵՄ-ն ակնկալում է, որ մինչև գարուն կհասցնի Ուկրաինային 1 մլն արկ մատակարարել
ԵՄ երկրները կարող են կատարել Ուկրաինային 1 մլն հրետանային զինամթերք մատակարարելու իրենց պարտավորությունները մինչեւ այս տարվա մարտ կամ ապրիլ։ Այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։
«Ես ուզում եմ ձեզ այսօր ասել, որ մենք հավատարիմ կմնանք մեր պարտավորություններին»,- ասել է եվրահանձնակատարը, փոխանցում է Politico-ն:
Նրա խոսքով՝ Ուկրաինային 1 մլն զինամթերքի մատակարարումը մինչև մարտի վերջ «բացարձակապես իրագործելի է»։
Այդ նպատակով եվրահանձնակատարը կոչ է արել ԵՄ երկրներին նվազեցնել զենքի արտահանումը այլ երկրներ և ճնշում գործադրել ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների վրա։ Նրա կանխատեսումների համաձայն՝ Եվրամիությունը երկու տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Ռուսաստանին զենքի արտադրությամբ։
Նոյեմբերի վերջին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ Եվրամիության երկրների ղեկավարների միջև համաձայնություն չկա Ուկրաինային չորս տարվա ընթացքում 50 միլիարդ եվրոյի ֆինանսավորման վերաբերյալ։
ԱՄՆ-ից հետո Ուկրաինային զենք մատակարարելու հարցում երկրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիան։
Դեկտեմբերի սկզբին Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը հաստատել էր Ուկրաինային զենքի մատակարարման ձգձգումների առկայությունը, սակայն վստահեցրել էր, որ պաշտպանական արդյունաբերությունն ավելացնում է արտադրությունը։