Կիևում՝ իրենց իսկ բնակարաններում, հայտնաբերել են Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալի և նրա դստեր դիերը
Կիևում մահացած են գտել Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Օլգա Կոլինկոյին և նրա դստերը՝ Յարոսլավային, այդ մասին հայտնել է ուկրաինական «Зеркало недели» պարբերականը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններին։
Նշվում է, որ կանայք բնակվել են նույն շենքի հարևան բնակարաններում։ Նրանց մարմինները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ բնակարանների դռները կոտրելով բացել են, մինչ այդ շենքի բնակիչները բողոքել են, որ ջրի արտահոսք կա, իսկ նշված բնակարանների սեփականատերերը չեն արձագանքում։
Քննչական խումբն աշխատում է կանանց մահվան պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Օլգա Կոլինկոն Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն է եղել 1993-2000 և 2003-2005 թվականներին։ 2001-2003 թվականներին նա ղեկավարել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն։ Հայտնի են այդ ժամանակաշրջանում նրա մասնակցությամբ բացահայտված աղմկահարույց կոռուպցիոն գործեր։