Թևանյանը հաղթել է աշխարհի փոխչեմպիոնին և դուրս եկել Զագրեբի մրցաշարի եզրափակիչ
Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող միջազգային մրցաշարում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար:
Կիսաեզրափակչում 65 կգ քաշային Թևանյանը 9:1 հաշվով հաղթանակ է տարել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սեբաստիան Ռիվեյրային և դուրս է եկել եզրափակիչ:
Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 12:1 հաշվով վստահ առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի նկատմամբ: Քառորդ եզրափակչում արդեն հայ ըմբիշ 5:2 հաշվով հաղթել էր ԱՄՆ ներկայացուցչին:
Նշենք՝ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Զագրեբի մրցաշարում: Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։
Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։
Աղբյուր ArmSport.am