«Միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում». Անդրանիկ Քոչարյանը Սուրեն Պապիկյանի հրաժարականի անհրաժեշտությունը չի տեսնում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Վարդենիսում երկու սպայի մահվան դեպքից հետո Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի անհրաժեշտությունը չի տեսնում։
«Ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Թե ում է տեսնում այդ դեպքերի պատասխանատու՝ Քոչարյանն ասաց, թե այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը։
«Նախ պետք է հասկանալ, թե ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն է, ու ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե սպանություն է, դա պետք է քննվի։ Դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում, եթե այդպես գնանք՝ այսօր ոչ մի պաշտոնյա պետք է իր տեղում չլինի»,- ընդգծեց Քոչարյանը։
Հիշեցնենք՝ երեկ Վարդենսիում երկու ողբերգական դեպք է արձանագրվել։
Ժամը 06:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նրա սպանության կասկածանքով ժամկետային զինծառայող է ձերբակալվել։
Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նա, ըստ Քննչական կոմիտեի, ինքասպան է եղել։