Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը խորտակվել է
Martini զբոսանավը, որը տեղափոխում էր ռուս զբոսաշրջիկներին, նախօրեին խորտակվել է Թաիլանդի Պհուկետ կղզուց ոչ հեռու: Այս մասին հայտնել է համանուն նահանգի զբոսաշրջային ոստիկանությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Martini-ի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները հասցրել են փրկվել։
«Աղետի պահին մոտորանավակում եղել են վեց ռուսաստանցիներ եւ երեք թաիլանդցիներ։ Բոլոր զբոսաշրջիկներին տարել է դեպքի վայր ժամանած Panwa princess նավը, որից հետո նրանց տեղափոխել են հյուրանոց։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել»,- հստակեցրել են ոստիկանությունում։
Նախաքննական տվյալներով՝ մեքենայական սրահ ներթափանցած ջրի պատճառով նավը խորտակվել է։ Հետաքննությունը ուշադրություն է հրավիրել Martini-ի ոչ պատշաճ շահագործման վրա, քանի որ դրա վրա մեխանիկ չի եղել։