Փարաջանովը երկու բան ուներ իրեն բնորոշ՝ գեղեցիկի ընկալում եւ ազատասիրություն
Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առիթով Հայաստան է ժամանել նաեւ ճանաչված լուսանկարիչ եւ վավերագրող Յուրի Մեչիտովը, ով ավելի քան 10 տարի եղել է Փարաջանովի կողքին, նկարել նրան` ֆիլմերի նկարահանման հրապարակում: Մեչիտովը Փարաջանովի բազմաթիվ դիմանկարների հեղինակ է, որից ամենաճանաչվածը ձեռքերը վեր, թռչող Փարաջանովի կերպարն է, որը պատկերված է նաեւ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի պաստառի վրա։
Փարաջանովի արձանի բացմանը, որը տեղի ունեցավ Կինոյի տանը, ներկա էր նաեւ Յուրի Մեչիտովը, ով կիսվեց իր տպավորություններով։ «Կարծում եմ՝ Փարաջանովն այնպիսի խելահեղ խենթ էր, որ նման արձանը լրիվ սազում է նրան: Նա շատ դժվար էր ընկալում փողկապով մարդկանց, ես շատ մոտիկից գիտեի նրան… նա օրենքներից, կարգերից, կարծրատիպերից դուրս մարդ էր: Հիմա այս քանդակը, որտեղ նա մեկ ոտքի վրա է կանգնած, շատ բնորոշ է նրան ու ինձ դուր է գալիս: Ժամանակի ընթացքում այն կզբաղեցնի իր տեղը»,-ասում է Մեչիտովն ու նկատում, որ քանդակագործ Արա Ալեքյանի Փարաջանովն էլ կարծես ճախրանքի մեջ լինի, մի ոտքի վրա, բայց` ամուր կանգնած: Հարցին` Փարաջանովը կհավանե՞ր իր արձանը, թե՞ ոչ, Մեչիտովը կատակում է․ «Կասեր՝ էհ, այս հայերը…: Ընդհանրապես, ինքը քննադատաբար էր վերաբերվում ամեն ինչին, նա հստակ գիտակցում էր իր հանճարեղությունը, քայլում էր ու ասում էր՝ ես հանճար եմ, ես հանճար եմ… Փարաջանովն ասում էր՝ պետք է ազատ լինել… Նա երկու բան ուներ իրեն բնորոշ՝ գեղեցիկի ընկալում եւ ազատասիրություն…»:
Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է Կինոյի տան հրապարակում Աստղային պուրակ հիմնել եւ այն անվանակոչել` «Նռան գույնի հրապարակ»։ Հենց այդ հրապարակում էլ նախատեսվում է տեղադրել նաեւ Փարաջանովի արձանը, որն այս պահին տեղադրված է Կինոյի տան նախասրահում:
Իր եւ Փարաջանովի հարաբերությունների ու ընկերության մասին Մեչիտովը հիշում է. «Փարաջանովն ասում էր՝ դու ինձ նկարիր եւ հեռուն կգնաս։ Դրանից հետո ես եղա Լոս Անջելեսում, այնտեղ ցուցահանդես կազմակերպեցի, իսկապես շատ հեռուն գնացի: Նա այնպիսի մարդ էր, որին կա՛մ հասկանում էիր, կա՛մ նեղանում: Փարաջանովը շատ հեշտությամբ էր վիրավորում մարդկանց, կարող էր վերցնել ու ասել՝ դու հիմար ես, ոչինչ չես հասկանում… Իսկ մարդը պետք է ինքնաքննադատություն ցուցաբերի եւ ասի՝ այո, ես ոչինչ չեմ հասկանում, եւ դա ճանապարհ էր դեպի ինչ-որ բան ընկալելը: Սերգեյ Փարաջանովը սիրում էր գեղեցիկ ապրել: Նա ընդհանրապես այլ աշխարհի մարդ էր: Նա ցնցող մարդ էր, այդպիսիք հիմա չեն ծնվում: Ժամանակն է նման մարդկանց ծնում, ես չեմ կարող բացատրել, թե ինչու հիմա այդպես չէ: 1950, 60, 70-ականներին մեզանում հանճարներ կային, նայեք հայկական կինոն՝ Սոս Սարգսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, ի՜նչ հսկաներ…: Ափսոսում եմ, որ այս ամենը չտեսավ Զավեն Սարգսյանը, ով փայփայում էր Փարաջանովի թանգարանը: Եթե նա չլիներ, ո՛չ թանգարանը կլիներ, ո՛չ այս արձանը, ո՛չ էլ Փարաջանովի հիշատակը: Փարաջանովի թանգարանը Հայաստանի մշակույթի կարեւոր մասն է, եթե նախկինում հայտնի մարդկանց, հյուրերին տանում էին կոնյակի գործարան, հիմա տանում են Փարաջանովի թանգարան»: