Վեհափառը հայության մեծամասնության առաջնորդն է. «Կյանքի խոսքի» հոգեւոր հովիվ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը «Հանրային հեռուստաընկերությամբ» եթեր չտալուց հետո բուռն քննարկումներ եղան եւ բազմաթիվ պատճառներ մատնանշվեցին: Մի բանում մարդիկ միակարծիք էին, որ հրահանգն իջեցվել է անձամբ Նիկոլ Փաշինյանից` Հ1-ի ղեկավարությունը չէր համարձակվի ինքնուրույնաբար 30-ամյա կենսագրությամբ ավանդույթ քանդել, իսկ կաթողիկոսի ուղերձները 30 տարուց ավելի հեռարձակվել են Հանրային հեռուստաընկերությամբ` երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ: Քաղաքական եւ հոգեւոր դասի ներկայացուցիչները գտնում են, որ դա քաղաքական որոշում է եղել՝ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի եւ հոգեւոր դասի միջեւ առաջացած տարաձայնություններով։ Պատճառներից մեկը Վեհափառի ուղերձում Արցախի մասին հիշատակումն է եղել, Ամենայն Հայոց Հայրապետի խոսքում ասվում էր․ «Սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը»։
Բայց պատճառների թվում մի վարկած էլ մեզ հասավ, որ Հայաստանում Հայ առաքելական եկեղեցուց հետո ամենամեծ կրոնական կազմակերպություններից մեկը` մոտ տասը հազար հետեւորդ ունեցող «Կյանքի խոսք» կազմակերպությունը պահանջել է, որ իրենց առաջնորդի ուղերձն էլ հեռարձակվի Հանրայինի եթերով, նաեւ դա է եղել պատճառը, որ առաջարկել են կաթողիկոսի ուղերձը հեռարձակել Լուրերի թողարկման մեջ:
Մենք փորձեցինք այս լուրը ճշտել «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հոգեւոր առաջնորդ Արթուր Սիմոնյանից։ Սակայն պարզվեց նա երկրում չէ, մեր հարցերին պատասխանեց Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու երկրորդ հովիվ Արմեն Լուսյանը: Նա հերքեց այդ լուրերը` նշելով, որ երբեք նման հայտ չեն ներկայացրել, զարմացավ, որ այդպիսի լուրեր են տարածվում` իրենց կողմից նման պահանջ չի եղել։
«Արթուր Սիմոնյանը ամանորի գիշերը Հայաստանում չի եղել, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե «Կյանքի խոսք» եկեղեցին պահանջել է, որ իր հոգեւոր առաջնորը ամանորյա ուղերձով հանդես գա։ Մենք երբեք նման հայտ չէինք ներկայացնի։ Աբսուրդ է այդ տեղեկությունը, ես զարմանում եմ, թե ովքեր են այդ ինֆորմացիան տարածում։ Ինչո՞ւ պետք է մենք նման պահանջ ներկայացնեինք, երբ անգամ նման հավակնություններ չունենք»,-ասաց նա։
Հարցրինք` որպես «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու հովիվ, Վեհափառի ուղերձը ամանորի գիշերը եթեր տալու անհրաժեշտություն ինքը տեսնու՞մ է, Լուսյանն ասաց․ «Վեհափառը հանդիսանում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության առաջնորդը, հետեւաբար ձեւավորված ավանդույթն իր հիմքերն ու իր անհրաժեշտությունն ունի»։