«Ժողովուրդ». ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին կկանչեն հարցաքննության. նախնական որոշում կա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին կանչելու են հարցաքննության: Մեզ հասած լուրերի համաձայն՝ անգամ մեկ հարց են նախապես որոշել, որ նրան պետք տան, այն է՝ նա դեկտեմբերի 29-ին Ալավերդիում հնչած կրակոցների եւ միջադեպի դեպքի վայրում եղել է, թե ոչ, կոնկրետ այդ ժամերին որտեղ է եղել ու ինչպես կարող է ապացուցել իր այլուրերքությունը՝ ալիբին:
Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, որ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ իրենց աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի «կիսագողական» շրջանակներին հարող հայտնի Սանահինցի Արմենչոն: Խոստումը չի կատարվել:
Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողականները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով:
Իհարկե, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը հերքել էր իրեն ծեծի ենթարկելու լուրը, սակայն իրավապահները հաստատում են դեկտեմբերի 29-ին Ալավերդիում կրակոցների փաստը։ Քննչականից հայտնել էին, որ կրակոցներից վնասվածք ստացած անձ չկա, ձերբակալվածներ՝ նույնպես։ Խուլիգանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին ասացին՝ միջոցներ են ձեռնարկում կողմերին հայտնաբերելու ուղղությամբ։ Անցել է 12 օր, սակայն դեռ ոչ ոք ու ոչինչ չի հայտնաբերվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում