Թբիլիսիի սակրեբուլոյում տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը
Հունվարի 9-ին` մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Թբիլիսիի սակրեբուլոյում տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված ավանդական ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում` Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից ներկայացված համատեղ հայտի միջոցով, ինչը մեծ կինոռեժիսորի` համաշխարհային մշակութային ժառանգության անբաժան մասը հանդիսանալու հերթական վկայությունն է։
Անդրադառնալով Փարաջանովի հանճարին և ստեղծագործական յուրօրինակությանը` ՀՀ դեսպանն ընդգծեց վերջինիս կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավարությանը` միջոցառումը հյուրընկալելու համար, ինչպես նաև կազմակերպիչներին` Վիրահայերի միություն հասարակական կազմակերպությանը և Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանին։