Ֆրանսիայի նոր վարչապետը կայցելի ջրհեղեղից տուժած շրջան
Ֆրանսիայի նոր վարչապետ Գաբրիել Աթալը շուտով իր պաշտոնավարման առաջին այցը կկատարի երկրի հյուսիսում գտնվող Պա դե Կալե դեպարտամենտ, որը վերջերս մեծապես տուժել է ջրհեղեղներից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հաստատել էր կրթության նախկին նախարար, 34-ամյա Գաբրիել Աթալին վարչապետի պաշտոնում նշանակելու տեղեկությունը։ Այդպիսով, նա դարձավ Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը Լորան Ֆաբիուսից հետո, ով 1984 թվականին 37 տարեկան հասակում դարձավ կաբինետի ղեկավար։
«Վարչապետի պաշտոնում Գաբրիել Աթալի առաջին ուղևորությունը տեղի կունենա Պա դե Կալեում այսօր կամ վաղը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հյուսիսային Ֆրանսիայի ավելի քան 10 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության՝ տարածաշրջանում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սաստիկ ջրհեղեղի պատճառով։ Վատ եղանակից ամենաշատը տուժել է Պա դե Կալե դեպարտամենտը, որտեղ 8,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մեկնարկել են ջրահեռացման աշխատանքները սեփական միջոցներով և Նիդեռլանդներից, Սլովակիայից և Չեխիայից մատակարարվող պոմպերի օգնությամբ, ինչը թույլ է տալիս ժամում ընդհանուր առմամբ 63,480 խորանարդ մետր ծավալով ջրահեռացում իրականացնել: